top of page

Գինեգործություն տան պայմաններում

Updated: Oct 28, 2018


Հայրիկիս պապիկի մասին շատ եմ պատմություններ լսել, սակայն առանձնահատուկ ուշադրությամբ եմ հիշում գինեգործության հանդեպ իր սերը: Պապիկս գինուն երեխայի պես էր վերաբերվում` հաճախ ասելով, որ լավ արդյունք ստանալու համար գինուն պետք է հետևել և «դաստիարակել»: Միշտ «խաղում» էր գինու հետ և լրջությամբ էր մոտենում նրա պատրաստման ամեն փուլին: Գինին հատուկ կարասների մեջ էր պահում, որոնք առ այսօր պահպանվել են: Կավից պատրաստված այդ կարասները մեծ էին և միշտ մաքուր և միշտ հիշեցնում էին թագավորական ընթրիքներ, որտեղ երեկոյի գլխավոր հերոսը գինին էր: Մեծ պապիկս իր կարասների համար անգամ հատուկ սենյակ էր նախագծել, որտեղից դեռ զգացվում է գինու հոտը: Նա հավատացած էր, որ գինին թարմ պահելու հատկություն միայն այդ կարասներն ունեին:


Սակայն սա հայրիկիս պապիկի միակ յուրահատկությունը չէր: Բացի գինեգործության գաղտնիքներից, նա նաև գինի խմելու նուրբ արվեստին էր տիրապետում: Գինին խմում էր հանգիստ, առանց շտապելու` փորձելով մինչև վերջ զգալ համը: Նրա ամբողջ ուշադրությունը կենտրոնացված էր գինու վրա, ասես այն իր կյանքի միակ իմաստն էր: Ուներ առանձին բաժակներ և նախընտրում էր գինին միայն դրանցով խմել:


Նրա յուրահատկությունները այսքանով չէին ավարտվում: Պապիկս չէր սիրում, երբ գինին սափորով էին բերում: Ամեն անգամ իր կինը պիտի գնար կարասների սենյակ և թարմ գինով վերադառնար: Ու, չնայած իր մեծ տարիքին, տատիկս երբեք չէր բողոքում և ժպիտը դեմքին կատարում էր պապիկիս խնդրանքը:

Պապիկիս տանը միշտ հյուրեր կային` բարեկամներ և ընկերներ, ում նա շատ էր սիրում հյուրասիրել իր պատրաստած գինին: Ավանդույթի պես մի բան էր դարձել: Չկար այնպիսի մի տոն, որ առանց ամենատարբեր տեսակի գինիների անցներ։ Սակայն տարվա ամենամեծ տոնախմբությունը հենց գինի պատրաստելու արարողությունն էր: Այդ օրն ամբողջ գերդաստանը հավաքվում էր խաղողի այգիներում՝ աշխատելով և վայելով միմյանց ներկայությունը:


Գինի դառնալու համար խաղողը պետք է երկար ճանապարհ անցնի: Առաջին փուլը խաղողքաղն է: Այդ ժամանակ աշխատողները մտնում են խաղողների մեծ ողկույզներով բեռնավորված դաշտերը և «ամայացնում» այն: Դրան հաջորդում է խաղողը ոտքով ճզմելու փուլը, որը գինի պատրաստելու բազում փուլերից ամենահետաքրքիրն է:


Պապիկս շատ խնամքով էր վերաբերվում գինին տրորելու ռետինե կոշիկների ընտրությանը: Նրա կարծիքով դա ևս կարևոր մանրուք էր գինու լավ որակի համար:

Խաղողը մանրակրկիտ ճզմելուց հետո քամում են հյութը, առանձնացնում ողկյուզներից և կորիզներից: Հետո մոտ մեկ ամիս թողնում են, որպեսզի գինին հասունանա, ինչպես սիրում էր ասել պապիկս՝ սկսի «եռալ»: Ցանկալի է գինին լցնել ապակե ամանների կամ տակառների մեջ, որ գինու համը չփոխվի: Պարտադիր է, որ տարաները լինեն չոր, նախորոք տաք ջրով դեզինֆեկցված: Սակայն այդ ընթացքում գինու հյութը մոտ 4-5 անգամ քամում են, որ գինին ավելի բարձրորակ լինի: Կիսաքաղցր, քազցր կամ դառը արդյունք ստանալու համար պետք է իմանալ խաղողի քազցրությունը, հասկանալ՝ երբ խաղողը քաղել: Մի փոքր ջանք ու համբերատարություն ՝ վերջ: Գինին արդեն պատրաստ է:

Պապիկիս բնավորության ամենավառ գծերից մեկն էլ այն էր, որ բոլորին որպես անհատականություն էր վերաբերվում։ Այդպիսի վերաբերմունք ուներ նաեւ գինու հանդեպ՝ չափազանց զգույշ, որ հանկարծ «չնեղացնի»: Նրա համար գինին կարծես սեփական զգացմունքներ ունեցող անձ լիներ։ Նա վստահ էր, որ գինու առաքելությունը մարդկանց հաճելի և անմոռանալի պահեր պարգևելն էր: Գինեգործության հանդեպ այս սերը փոխանցվել է նաև իմ հայրիկին: Նա զբաղվում է խաղողագուրծությամբ և նույնիսկ մտածում է գինեգործարան ստեղծելու և իր սեփական արտադրանքն ունենալու մասին:


Տեքստը և լուսանկարները՝ Անահիտ Հովսեփյանի

Comentarios


bottom of page