
Երբ դպրոցից սոված վերադարձա տուն, ոչ մարդ կար, ոչ էլ ուտելիք: Ես տխրեցի, քանի որ հույս ունեի մայրիկիս պատրաստած ճաշն ուտել:
Երկար սպասելուց և անչափ սոված լինելուց հետո, որոշեցի ինքս այն պատրաստել: Երբ բացեցի տոպրակը, տեսա երկու կապ ավելուկ, որոնցից մեկն ավելի բաց էր, իսկ մյուսը` մուգ: Մտածեցի՝ մեկը հին է, բայց բույրը տարածվեց ամբողջ խոհանոցով մեկ․ կանաչ թեյի հոտ էր հիշեցնում: Տեսնելով երկու կապ հյուսվածքը՝ հիշեցի, թե ինչպես էր տատիկս ամեն կիրակի բուլկու խմորը հյուսում և դնում վառարանը:
Թվում է, թե ոչ մի բարդ բան, բայց հետո հիշեցի, որ չգիտեմ, թե ինչպես պատրաստել: Այդ ժամանակ երևակայությունս ինձ չլքեց և որոշեցի այն իմ բաղադրատոմսով պատրաստել: Ինչ եկավ մտքիս՝ խառնեցի իրար: Ավելացրի տարբեր տեսակի կանաչիներ, համեմունքներ և ընդեղեն: Բաղադիիչները խառնելուց հետո, անհամբեր սպասում էի, թե երբ պետք է պատրաստ լինի:
Դրսում՝ լռություն էր: Այդ լռության մեջ լսվում էր, թե ինչպես է ավելուկը եփվում: Անհամբեր գնում էի գազօջախի մոտ, անընդհատ խառնում, որպեսզի ավելի շուտ պատրաստ լինի, քանի որ հետաքրքիր էր՝ ինչ է լինելու: Պատրաստելուց հետո լցրեցի ափսեի մեջ, որի վրա լույս էր ընկնում եւ ավելի փայլփլուն դարձնում այն: Սկսեցի ուտել:
Այնքան էլ համեղ չէր, որքան կուզեի, բայց այնքան էլ տհաճ չէր, որքան պատկերացնում էի: Այն սպանախի համ ուներ, և ինձ դուր եկավ: Խառնվելով ավելուկի դառը համին՝ կանաչիները և համեմունքներն ավելի դուրեկան և յուրահատուկ համ ու հոտ էին փոխանցում: Պատրաստելու ժամանակ կարծում էի` այն «սև սուրճի» նման դառն է լինելու, բայց դառնությունը գրեթե վերացել էր:
Երբ մայրս տուն եկավ, ասացի, որ արդեն պատրաստել և կերել եմ ավելուկը: Շատ զարմացավ, որից հետո հարցրեց, թե ինչ եմ արել սպիտակ բանջարի հետ: Այդ ժամանակ հասկացա, որ մի կապը ոչ թե հին էր, այլ ավելուկն էր, այդ պատճառով ավելի մուգ էր, քան սպիտակ բանջարը:
Այդ օրը մայրս բացատրեց ավելուկի և սպիտակ բանջարի տարբերության մասին և ինձ համար պարզ դարձավ, որ ավելուկն ավելի դառը համ է ունենում, իսկ սպիտակ բանջարը՝ ոչ:
Մայրս ասաց, որ ավելուկի դառը համը հանելու համար այն պետք է ճիշտ պատրաստել: Նախ՝ այն պետք է մի քանի անգամ լվանալ տաք ջրով, հետո լցնել թավայի մեջ և եփել: Եփվելուց հետո պետք է սոխառած ավելացնել։ Հինգ րոպե հետո այն պատրաստ է: Դառնությունը հանելու համար նաև կարելի է ընկույզ կամ համեմունքներն ավելացնել։
Մայրս պատմեց առաջին անգամ իր տատիկի հետ ավելուկ քաղելու եւ հյուսելու մասին: Նաև պատմեց իր տատիկից լսած պատմությունը, որի համաձայն ավելուկն ու սպիտակ բանջարը քույրեր էին: Մի օր ավելուկն արթնացավ ու տեսավ, որ սպիտակ բաջարը չկա: Այդ օրվանից նրա կյանքը դառնացավ` ինչպես նաև իր համը: Ավելուկին նույնպես քաղեցին և հյուսեցին, հետո էլ կախեցին արևի տակ՝ չորանալու: Այդպես կարծես նրան պատժեցին նրա համար, որ համը դառնացել է:
Երեկոյան բոլորս նստեցինք սեղանի շուրջը, որպեսզի համտեսենք «գլուխգործոցս»: Առաջինը համտեսեց մայրս: Նա լուրջ և կասկածամիտ հայացքով նայեց երեսիս` կարծես փորձում էր հասկանալ համը: Այդ ընթացքում մտքովս ամեն ինչ անցավ, անհանգստացա, որ չի հավանել: Հանկարծ մայրիկիս դեմքի արտահայտությունը կտրուկ փոխվեց դեպի լավը և ասաց՝ «Մմմմ, համեղ է»: Նույն կարծիքին էին նաև ընտանիքիս մնացած անդամները: Այդ ժամանակ ինձ հպարտ էի զգում, կարծես մի նոր հրաշալիք էի հայտնաբերել: Այդ օրվանից ի վեր, ավելուկով և սպիտակ բանջարով ճաշը դարձել է մեր ընտանիքի ամենասիրելի ուտեստը, բնականաբար որոշ փոփոխություններից հետո:
Տեքստը և լուսանկարները՝ Աննա Պողոսյանի
Comments