
Մի անգամ աշնանը…
Ուժեղ քամի էր, որ աշնանային սառը շունչ էր հաղորդում: Այն մեծ արագությամբ գալով` բարձրացնում էր գետնին թափված գույնզգույն տերևները, միաժամանակ անձրևի կաթիլները դանդաղ իջնում էին վար: Նրանք կարծես պարում էին միասին: Եվ ալոճները` կարմիր աշնանային փոքրիկ արևները, այդ սառը օրը դարձրին ամենատաքն ու ամենաջերմը:
Առավոտվա կատարվածից հետո մեր ամբողջ բակն այդ երեկո միասին հավաքվեց տաղավարում: Կամո ձյաձյան չէր մոռացել: Սակայն ես կարծում եմ, որ նա փորձում էր ներել մեզ: Նա չէր դադարում խոսել դրա մասին` պատմում էր շատ բարձր և հաճախ բղավում: Եվ նույն ժամանակ նա չէր դադարում բութ մատի և ցուցամատի օգնությամբ խաղալ իր երկա՜ր բեղերի հետ, փորձելով թաքցնել իր ժպիտը:
- Ու ի՞նչ տեսնեմ: Այդ չարաճճիները քաշքշում ու պոկում են ալոճներս: Գիտե՞ք՝ ոնց
ջղայնացա՜… Բայց հետո ո՜նց, է՜, իրենց մեղքերը քավեցին,- ասեց ու, վեր կենալով, վերցրեց մայրիկիս ձեռքի բաժակներից ամենամեծը, որի մեջ ալոճի թեյն ամենաշատն էր: Ու բաժակը մոտեցրեց քթին:
- Հահհհ,- խորը շունչ քաշելով հոգոց հանեց:
Թեյից մի կում արեց: Երջանիկ ու գոհ ժպտաց: Հետո ձեռքի գդալով` ամանի միջից մեղրը կաթեցնելով տարավ դեպի իր բաժակը, սկսեց արագ-արագ ու չխկացնելով խառնել, ապա վեր կացավ նորից և իր հսկա ափով մի բուռ կարմիր արևներ` ալոճներ, վերձրեց: Ափի միջից ընտրեց ամենա-ամենա կարմիրը, որն այնքան էր հասել, որ կարող էր հալվել մինչև բերանը դնելը: Դա միանշանակ Արամի քաղած ալոճներից էր: Հենց նա էր կանգնած Կամո ձյաձյայի ավտոտնակի վրա ու քաղում էր ամենակարմրաթուշիկները:
- Կպատմե՞ք, վերջապես, Կամո ձյաձյայի ալոճների պատմությունը,- ասաց կանանցից մեկը ժպտալով ու ավելացրեց,- ա՜յ չարաճճիներ, ձեզ ենք լսում:
- Ես կպատմեմ, ես կպատմեմ,- ասացի ես տեղումս ցատկոտելով ու սկսեցի.
Ես արթնացա, լվացվեցի ու վազեցի դեպի խոհանոց: Մայրիկս արդեն պատրաստել էր նախաճաշի սեղանը: Սեղանի վրա դրված էր աշնանային բոլոր չրերից, մրգերից, կար նաև մայրիկի թխած շոկոլադե թխվածքից, բայց ինչ-որ մի բան իրոք պակասում էր: Ես երկար մտածեցի ու բղավեցի.
- Մաաամ, ալոճի թեյ կտա՞ս:
- Բալես, ալոճ չունենք:
Ես մտածեցի, մտածեցի ու հասկացա, որ մայրիկն ինձ թույլ չէր տա գնալ շուկա: Ու չէի ուզում խնդրել, որ մայրիկս գնար: Եվ եկա այն եզրակացության, որ ամենահեշտ տարբերակը Կամո ձյաձյայի ալոճի ծառն էր: Սակայն ես միայնակ չէի կարող կատարել սպասվելիք «գողությունը» և դրա համար վազեցի հերթով ընկերներիս տները:
Արամը միանգամից համաձայնվեց և, քանի որ նա ամենալավն էր խաղում գործնագործ, հենց նա էլ պետք է բարձրանար տանիք: Անին ասում էր, որ գողությունը վատ բան է մինչ իմանալը, որ ալոճով թեյ կհյուրասիրեմ: Վարդանը համաձայնվեց, բայց ավելի դժվար քան Անին: Նա չհամաձայնվեց այնքան ժամանակ մինչ ես չխոստացա ամենամեծ չափաբաժնով ալոճի թեյը: Վարդանը ամենաշատն էր ուտում ու ամենադանդաղն էր վազում: Դրա համար հենց ինքը պետք է նայեր, որ Կամո ձյաձյան չտեսնի:
Ես պետք է պահեի այն ամանը, որի մեջ ալոճն էինք լցնելու` Արամի հետ բարձրանալով տանիք: Մենք պայմանավորվեցինք հանդիպել մեր բակի տաղավարում: Քանի որ բոլորս ունեինք մեր աշխատանքները, միանգամից անցանք գործի:
Տանիքը շատ բարձր չէր ու մենք արագ բարձրացանք: Փորձում էինք բարձրանալ անաղմուկ, որպեսզի շատ ուշադրություն չգրավեինք, սակայն՝ «դըմփ-դըմփ», անխուսափելի էին դըմփյունները:
Բարեհաջող բարձրացանք և քաղում էինք, քաղում: Վախից այնքան արագ էինք հավաքում, որ հաճախ ալոճից բացի ճյուղերն էլ էինք քաղում: Մնացածը նույնպես քաղում էին տակի ճյուղերից: Բացի աշխատելուց բոլորը բղավում էին միմյանց վրա, որ արագ անեն: Կարծես երբ երկար ժամանակ էր անցնում և նրանք սկսում էին վախենալ դիմում էին Վարդանին: Հարցնում էին՝ արդյոք Կամո ձյաձյան գալի՞ս է, թե՞ ոչ: Իսկ Վարդանը բոլորին հանգստացնում էր և բացում հաջորդ կոնֆետը:
- Անպիտաններ, մի հատ շու՛տ իջեք, ի՞նչ էք անում, ծառիս ճյուղերը կոտրեցիք,- ասաց Կամո ձյաձյան, հանեց իր կոշիկը ու վազեց մեր հետևից,- Սպասե՜ք, որ բռնել եմ, է՜:
Ես ու Արամը ցատկեցինք ու սկսեցինք վազել: Իսկ մնացացը՝ մեր հետևից: Մենք վազում էինք անընդհատ հետ նայելով, սպասելով, որ միգուցե Կամո ձյաձյան հոգներ: Բայց նա, որպես մի զորավար, մեծ արագությամբ գալիս էր մեզ վրա: Դե, իհարկե դժվար էր մեկ կոշիկով վազել, բայց նա չէր նահանջում:
Անին չլռելով հիշեցնում էր, որ գողությունը վատ բան է: Բայց բոլորս տեսնում էինք, թե նա ինչ ուշադիր էր ալոճի ամանին: Շատ վազեցինք, թե չէ՝ վստահ չեմ կարող ասել: Վազեցինք ու, հասնելով ավտոտնակների հետևի մասը, շնչակտուր մարմիններս գետնին նետեցինք: Մեր սրտի բաբախյունը հազիվ թողեց, որ լսենք Կամո ձյաձյայի ձայնը:
- Բա ես հիմա ի՞նչ անեմ : Ծառս ոչնչացրել են, ջարդել: Իսկ ալոճներիցս բան չմնաց: Հիմա ի՞նչ եմ անելու:
Նրա ձայնը իրոք շատ տխուր էր: Ու ես չգիտեի՝ ինչ անել: Լռություն էր տիրում, կարծես բոլորը մտածում էին՝ ինչ կարելի է իրոք անել, որ մեր մեղքը քավենք: Երկար լռելուց հետո..
- Թե՜յյյյ,- բղավեց Անին,- եկեք թեյ հյուրասիրենք Կամո ձյաձյային, հաստատ քո մայրիկի թեյից հետո նա մեզ կների:
Հնչեցին տարբեր կարծիքներ, որ նա մեզ չի ներելու, որովհետև պոկել էինք ճյուղերը: Հասկացանք, որ պետք է ճյուղերը ժապավեններով ամրացնենք, քանի որ դրանք պետք է օգնեին ջարդված մասերին` ամրանալու: Կարծում էինք, որ ամրանալուց հետո ժապավենները կարելի է արձակել:
Երբ տուն մտա մայրիկը միանգամից հարցրեց, թե որտեղից ինձ ալոճները: Ես պատմեցի ու ցույց տվեցի արդեն ժապավեններով` կապված ալոճի ծառը: Նա շատ բարկացած էր, և չհասկացա, թե ինչու սկսեց ծիծաղել: Ինձ թվում է՝ ուղակի գեղեցիկ ժապավեններով չէինք կապել:
- Մամ, ես շա՛տ, ուղակի շատ էի ուզում ալոճի թեյ, բայց հասկացա, որ նեղացրել եմ Կամո ձյաձյային: Ուզում եմ՝ մեզ ների, ու դրա համար բոլորին ալոճի թեյ եմ ուզում հյուրասիրեմ: Մա՜ամ, ես քեզ կօգնեմ:
- Անպայման պետք է հյուրասիրել բոլորին, բայց մյուս անգամ չանեք այդպիսի բան: Իսկ հիմա ավելի լավ է օգնես ինձ: Սկզբից լվա, հետո վերցրու համեմունքները, ես կասեմ՝ որից ինչ չափով գցես:
- Վերձրեցի իմ ամենասիրած կանաչ խորը տարան: Լցրեցի դրա մեջ ալոճը և մի քանի անգամ լվացի: Սառը ջուրը հոսում էր կարմրիկ ալոճների վրայով: Մատներս արդեն սառչել էին, սակայն ես չէի դադարում հաճույքով խաղալ դրանց հետ: Վերջացրի: հետո երկու աթոռ դրեցի իրար վրա,որ վերցնեմ համեմունքների տուփը: Նա մոտեցավ ու հանեց 3-4 նանայի թերթ և 2.4 թեյի գդալ չորացրած վարդի թերթեր: Ու ավելացրեց 2-3 նարնջի ու լիմոնի կեղևներ:
- Վերցրու կաթսան: Լցրու 5-6 բաջակ ջուր ու 1 լիքը, բայց ոչ մեծ բաժակ ալոճներ: Թող, որ եռա: Եռալուց հտեո` ժամին ուշադիր, 5 րոպե թողում ենք, բայց արդեն ավելի ցածր ջերմաստիճանով:
- Մա՛մ, հետո ավելացնեմ համեմունքները, չէ՞:
- Կավելացնես համեմունքները, կփակես բերանը, ու կթողես 10 րոպե :
- Բա մեղրը:
- Մեղրը ըստ ցանկության:
Մի քանի ժամ հետո, երբ ամեն-ինչ արդեն պատրաստ էր, կանչեցի երեխաներին, որ մեզ օգնեն: Նրանք արագ-արագ տանում էին արդեն պատրաստ դրված ուտեստները:
Ամենակարևորները մայրիկինն ու Անիինն էր, քանի որ բերում էին աշնան այդ օրվա զարդը: Անին բռնել էր շագանակագույն կավից ամանը, որի մեջ փայլում էին կարմիր արևիկները: Իսկ մայրիկի ձեռքում ալոճի թեյն էր, որը իր գոլորշիով հաճախ այրում էր նրա դեմքը, բայց միևնույն ժամանակ հաճույք պարգևում նրան` իր բույրով: Երբ իջանք, արդեն բոլորը հավաքվել էին:
Ուժեղ քամի էր, որը հաղորդում էր աշնանային սառը շունչը: Սակայն մենք հաղորդեցինք աշնանը մեր հրաշալի օրն ու ժպիտը:
Մի անգամ էր աշնանը…
Տեքստը և լուսանկարները՝ Հասմիկ Ասատրյանի
Comments