top of page

Մանուշակագույնի համը

Updated: Oct 29, 2018


Հափչիիիի՜:


- Առողջություն բալես:


- Մաա՜մ, այն ռեհանով հյութից կսարքե՞ս. ինձ լավ չեմ զգում:


- Արդեն սկսել եմ :


Այդ պահից սկսած գիտեի, որ ամեն ինչ լավ է լինելու, քանի որ այդ ռեհանով հյութն ինձ միշտ ոտքի էր կանգնեցնել:


Ամբողջ սենյակով մեկ իմ օգտագործած թաշկինակներն էին թափված: Զգում էի այն, ինչ միսն է զգում վառարանում՝ ջերմությունս բավակին բարձր էր: Թունելի վերջում լույս տեսա. բացարձակ մթից հայտնվեց մայրիկս` ձեռքին բաց մանաշակագույն ինչ-որ հեղուկով բաժակ էր: Ռեհանի կախարդական հյութն էր:


Առաջին անգամ, երբ փորձեցի այն, չէի ցանկանում կուլ տալ, ոչ թե որովհետև տհաճ էր, այլ՝ չափազանց հաճելի: Ցանկանում էի, որ համը հավերժ մնար բերանումս: Սկզբում թարմության համն էր` մեղրային քաղցրի թույլ հղումով: Սրան հաջորդեց կանաչու գրավիչ մանուշակագույն երանգը, որից հետո՝ համն էլ ավելի ամբողջականացնող հոտը: Այն ակտիվացրեց հոտառության զգայարանները, որ հարբուխի հետևանքով թուլացել էին:


Մի կումի մեջ զգացի ամբողջ սերը, որ մայրիկս ներդրել էր ու այն ուղղակի ալիքի նման տարավ ինձ: Այդպես էլ չհասկացա, թե ինչպես, հաշված րոպեներում, խմեցի ամբողջ բաժակը: Միակ բանը, որ հասկացա՝ պատրաստ եմ անընդհատ հարբուխով հիվանդ լինել, միայն թե այդ կախարդական ռեհանի հյութը հավերժ խմեմ:

Որքան էլ երկար չթվար հյութին սպասելը, մայրիկիս համար կրկնակի, եռակի, քառակի անգամ ավելի երկար էր:


Ռեհանի հյութը պատրաստելու համար անհրաժեշտ է երկու օր, բայց, երբ երեխա ես, ամեն ինչ հենց այդ պահին ես ցանկանում: Միայն կարող եմ պատկերացնել, թե մայրիկիս համար որքան դժվար էր կարճ ժամանակահատվածում պատրաստած, բայց միևնույն ժամանակ համեղ ռեհանի հյութ մատուցել:


Միգուցե հյութը խմելուց հետո ինձ ավելի լավ զգալու միտքն էր օգնում նրան այդքան ժամանակ մնալ խոհանոցում և մոռանալ հոգնածության մասին։


Նրա մոտ շատ լավ էր ստացվում թաքցնել հոգնածությունը: Միակ բանը, որ նկատում էի, հյութը պատրաստելուց հետո՝ մայրիկիս մուգ մանուշակագույն ներկված մատներն էին:

Երեխայական հետաքրքրությունը ստիպում էր դռան արանքից հետեւել գործընթացին։

Անգամ երբ ես հիվանդ չէի խնդրում էի մայրիկիս պատրաստել հյութը, միայն որ հետեւեմ ընթացքին: Երբեք չէի մտնում խոհանոց, քանի որ պետք է պահեի այն լեգենդը, որ ինձ լավ չեմ զգում։ Նա այնպես մանրակրկիտ էր անում ամեն ինչ, ասես գիտեր, որ իրեն հետեւում եմ։ Գուցե իրոք գիտեր, ուղղակի չէր ուզում իմանայի, որ անտեսանելի չեմ։ Որպես երեխա, դա իմ համար ողբերգություն կլիներ։ Նրա շարժումներն այնքան սահուն էին, ասես նվագեր։ Երևում էր, որ այնքան էր խորասուզված դրա մեջ, որ նույնիսկ եթե փռշտայի, չէր զգա։


Ես, իհարկե, ամբողջ գործընթացին չէի կարողանում հետևել, քանի որ շուտ հոգնում էի և ստիպված վերադառնում էի անկողին՝ այդպես էլ չբացահայտելով կախարդական ռեհանի հյութի գաղտնիքը։


Այդ կախարդական ռեհանի հյութի պատրաստումը միշտ էլ կմնա ինձ համար գաղտնիք:

Բայց գուցե դու՞ք կարողանաք պարզել այն:


Տեքստը և լուսանկարները՝ Հռիփսիմե Միքայելյանի

Comments


bottom of page